Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Կյանքը նվիրել էր իր ազգին»

«Կյանքը նվիրել էր իր ազգին»
12.05.2017 | 10:16

Աբու Դաբի տեղափոխված հայ ընտանիքներից յուրաքանչյուրն իր չափով ծննդավայրում թողել է սեր, հարգանք, ճանաչում, ընտանեկան պատմություն: Այս անգամ առիթ ունեցանք ծանոթանալու ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ-ՔԵՇԻՇՅԱՆԻ հետ, որը 2017 թ. կյանքից հեռացած դամասկոսահայ համայնքային և ՀՅԴ գործիչ Նուբար Մելիքյանի դուստրն է:

Նուբար Մելիքյանն իր երկարամյա գործունեության և նվիրումի համար ըստ արժանվույն է գնահատվել Դամասկոսի Համազգայինի «Լևոն Շանթ» մասնաճյուղի կողմից` 1998 թ. պարգևատրվելով բարձրագույն շքանշանով, 1999-ին Սիրիայի շրջանային վարչության կողմից` միության 70-ամյակի հատուկ շքանշանով, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման գործում իր նպաստը բերելու համար սփյուռքի նախարարության կողմից` «Պողոս Նուբար», իսկ 2007-ին` իր ազգային և մշակութային վաստակի համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ և օրհնությամբ «Կիլիկեան ասպետի» շքանշաններով: Սակայն, այս պարգևներից բացի, ոչ պակաս կարևոր են ժողովրդի սերը և հարգանքը: Արդյո՞ք ընտանիքն էլ է ներգրավված եղել նրա գործունեության մեջ։ «Մենք՝ զավակներս, լրջորեն մասնակցել ենք ակումբային կյանքին, եղել ենք ՀՄԸՄ-ի, ՀՅԴ պատանեկան և երիտասարդական միությունների անդամ: Սիրով էինք ակումբ գնում, ակումբը մեր երկրորդ տունն էր»,- ասում է Կարինեն և ավելացնում, որ ամուսնանալուց հետո ստիպված է եղել մի փոքր դադարեցնել միութենական գործունեությունը, քանի որ հիմա ընտանիքը, երեխաներն իր խնամքի կարիքն ունեն, սակայն մի քանի տարի հետո, երբ զավակները մեծանան, ցանկություն ունի վերադառնալու այդ աշխատանքներին: Իր ընտանիքի անդամները երբեք համայնքային գործունեությունից խույս չեն տվել: Օրինակ, ամուսինն Աբու Դաբիում ակտիվորեն մասնակցում է համայնքային կյանքին, ինքն այստեղ տեղափոխվելուն պես դասավանդել է հայկական դպրոցում: Նրա խոսքով` հոր գործի շարունակությունը իրենք փաստում են սեփական կյանքով. «Փաստն այն է, որ բոլորս հայկական ընտանիքներ ենք կազմել, հայկական դաստիարակություն ենք փոխանցում մեր զավակներին»: Իսկ այն հարցին, թե հորից որպես պատգամ ինչ է ստացել, պատասխանում է. «Արտակարգ նվիրում գերագույն նպատակին հասնելու համար, ինչը, իհարկե, դժվար է։ Երբ ճիգ ենք թափում արաբական երկրներում հայ ընտանիք պահելու համար, հայ զավակներ մեծացնելու համար, դա արդեն մեծ գործ է և մեծ զոհողություն: Ոչինչ չենք խնայում պահպանելու հայությունը, հայ եկեղեցին և դպրոցը»:

Իսկ երբ ծնողը հայտնի է որոշակի շրջանակում, հարգանք է վայելում, ինչպիսի՞ պատասխանատվություն է դրված զավակի վրա. «Մեզ համար մեծ հպարտություն է լինել Նուբար Մելիքյանի զավակը: Երբ ասում էի, որ Նուբար Մելիքյանի աղջիկն եմ, յուրահատուկ վարվելակերպ և վերաբերմունք էր լինում: Նույնիսկ կառավարության մեջ էր այս վերաբերմունքը զգացվում, այսինքն` մեր գործերն առաջ էին գնում: Սակայն սա պատասխանատվություն էր մեզ համար, որ մաքուր և բարձր պահենք նրա անունը: Մեր շիտակ ճանապարհով գնալը նրա համար մեծ պարգև էր: Նա հպարտացավ իր զավակներով: Նույնիսկ քույրերս, որ Ամերիկայում են, զավակներին հայկական դպրոցներ են ուղարկել, հայկական ակումբի, հայկական շրջանակի մեջ են, որպեսզի նրա պատգամը շարունակենք»:

Գաղտնիք չէ, որ հանրային գործունեությամբ զբաղվող անձինք հաճախ չեն կարողանում շատ ժամանակ տրամադրել ընտանիքին: Արդյոք Մելիքյան քույրերը զգացե՞լ են այդ պակասը։ «Չեմ կարող ասել, որ հարյուր տոկոսով հայրս մեզ հետ էր,- ասում է Կարինեն,- կյանքը նվիրել էր իր ազգին, իր ակումբին, իր եկեղեցուն։ Նրա համար առաջնայինը ազգն էր, ժողովուրդն էր, կուսակցությունն էր: Որպես հայր փորձում էր հնարավորության սահմաններում ժամանակ տրամադրել զավակներին: Մայրս միշտ հորդորում էր ըմբռնումով մոտենալ հայրիկի զբաղվածությանը, հայրս էլ իր սերը փորձում էր այլ կերպ արտահայտել։ Ինձ միշտ հայկական բանակումների է ուղարկել Ֆրանսիա, Հունաստան` ՀՕՄ-ով: Քույրիկս մասնակցել է Հայաստանի բանակումին»:


Զրույցի ընթացքում մեզ միացավ նաև Կարինեի մայրը՝ Թագուհի Մահսերեճյան-Մելիքյանը: Նա ասաց, որ ամուսնու կենդանության օրոք բազմիցս առիթ են ունեցել հարցազրույցներ տալու: Հարցրի տիկին Թագուհուն՝ ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի կինը, որ կարողանա ապրել հանրային գործունեությամբ զբաղվող մարդու հետ։ «Համբերատար պետք է լինես,- ասաց,- շատ չպիտի ջղայնանաս, թե չէ չես կարող ապրել, մի քիչ մատների արանքով պետք է նայես: Շատ լավ գիտեի, թե ում հետ եմ ամուսնանում: Այդ ժամանակ երիտասարդ կուսակցական էր: Ամուսնանալուց առաջ ինձ զգուշացրին, որ նա կուսակցական, դաշնակցական տղա է: Պատասխանեցի, որ հոժար եմ, սիրով ընդունեցի իրեն։ Սկսեցի նրա հետ նաև գործել, եղա ՀՕՄ-ի գործուն անդամ, վարչության մաս կազմեցի, շրջանայինի մաս կազմեցի, նաև մեկ անգամ ՀՕՄ-ի ընդհանուր ժողովին եմ ներկա եղել ԱՄՆ-ում»:

Տիկին Թագուհին վստահեցնում է, որ ամեն ինչ սիրով է արել, իսկ Կարինեն կատակում է, թե ծնողների կապն իրար հետ միութենական կապ է եղել. «Ինքը գաղափարակից էր և միշտ ամուսնու կողքին էր»: Կարինեն պատմում էր մանրամասներ, որոնք խոսում էին նրանց հյուրասեր օջախի մասին, որ նրանց դռները բաց են եղել բոլորի առջև, միշտ հյուրեր են գիշերել նրանց տանը. «Մենք մեր անկողիններում չէինք քնում: Հայրս ասում էր, որ հյուրը միշտ առաջինն է, նրան պետք է հարգենք, պատվենք, տեղ տանք մեր հանգստության հաշվին: Մենք էլ ամեն ինչ սիրով էինք անում: Ես այսպես եմ սովորել, գիտեմ, որ ինչ վիճակում էլ լինես, հյուրիդ համար պիտի զոհաբերվես և ամեն ինչ լիարժեք կատարես»:


Զրուցակիցներս կուսակցական, համայնքային գործունեության ուղին նոր բռնած մարդկանց մաղթեցին համբերություն և հաջողություն. «Կուսակցական գործունեությունը հեշտ չէ: Բոլորը պետք է գիտակցաբար մոտենան դժվարություններին, իրենց գործում դիվանագետ լինեն, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Հորս օրինակով կարող եմ ասել՝ հայ համայնքից դուրս ունեցած կապերը և վարվեցողությունը օգնում էին, որ նա կարողանա ազգին օգնել: Հատկապես տվյալ երկրի կառավարության հետ գործդ առաջ տանելու համար յուրահատուկ մոտեցում է պետք»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 21224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ